Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:10 • 23.09.18

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ տարբեր սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, նյութեր են հրապարակվում: «Շատ ուժեր ասում են՝ այսպես, այնպես է եղել, բայց իմ տեսակետից՝ մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում: Ընդհանրապես ընտրարշավն այն է, ինչ տեղի ունեցավ: Ամբողջ աշխարհում այդպես է, ուղղակի մենք սովոր չենք դրան:

Նախկինում մեզ մոտ ընտրարշավերի ժամանակ ոչ մի բան չէր կատարվում, ամեն ինչ լավ էր, իսկ ընտրություններից հետո սկսվում էին հետընտրական պրոցեսներ: Այստեղ հակառակը տեղի ունեցավ, ինչպես տեղի է ունենում աշխարհում: Սկզբից գնում է ընտրարշավը, կրքերը բորբոքվում են, իսկ ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվելու է»,- նշեց նա:

Ըստ Հայկ Մարությանի՝ եթե «Իմ քայլը» դաշինքը բավարար ձայներ չհավաքի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, պատրաստ է յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի. «Իմ և մեր թիմի համար ամենակարևորը մեր Երևանի մեր երազանքների քաղաք դարձնելն է: Թե դա ինչ ճանապարհներով է, կարևոր չէ»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեր օգտին քվեարկած ձայները տրվելու են Հայկ Մարության անձին, թե նրա համար, որ Ձեզ առաջադրել և պաշտպանում է Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»:

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին: Այս հայտարարության առնչությամբ Հ. Մարությանն ասաց, որ վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին:

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավներին մասնակցում էին նախորդ ընտրություններում ընտրակեղծարարությամբ հանդես եկած անձինք, Մարությանը նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են քայլերթերի ժամանակ միացել դաշինքին:

«Քարոզարշավին ես, երբ շրջում էի քաղաքում, մեզ միանում էին տարբեր մարդիկ, որոնց 90 տոկոսին ես չեմ ճանաչում: Դա ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են: Ես չէի կարող ասել՝ դուք մի մասնակցեք»,- հայտնեց «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուն: Հայկ Մարությանը նշում է, որ յուրաքանչյուր քաղաքապետի թեկնածուի քաղաքապետ ընտրվելու դեպքում շնորհավորելու է, քանի որ անցկացվում են արդար ու թափանցիկ ընտրություններ և ստացել է ժողովրդի վստահության քվեն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ընտրում եք Հայկ Մարությանին, ինձ տալիս եք մանդատ՝ անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հարցին, թե ճիշտ է ԱԺ ընտրությունները կապել Երևանի ընտրություններից հետ, «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, և սրանք առաջին ընտրություններն են ժողովրդի հաղթանակից հետո:

Մենք ասում ենք, որ պետք է գնալ և արձանագրել ժողովրդի հաղթանակը: Քանի որ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, մենք կոչ ենք անում, որ մարդիկ քվեարկեն մեզ: Մնացածն արդեն մարդկանց որոշելիքն է»: