Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում
Գերմանիայի բնակիչները երկրի կանցլեր Անգելա Մերկելին երկրի գլխավոր հպարտություն են անվանել: Այդ մասին են վկայում Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, սոցհարցումն անցկացվել է հեռախոսազանգերի միջոցով: Դրանց մասնակցել է 1.047 գերմանացի, որոնց առաջարկվել է քաղաքականության, տնտեսության, գիտության, սպորտի ու մշակույթի ոլորտները ներկայացնող երեք մարդու անուն տալ, որոնցով երկիրը կարող է հպարտանալ:
Հարցվածների 16%-ը տվել է գործող կանցլերի անունը: Երկրի գլխավոր հպարտության առաջին հնգյակում են ներառվել նախկին կանցլերներ Հելմուտ Շմիդտը (11%), Վիլի Բրանդտը (6%), Հելմուտ Քոլը (6%), ինչպես նաև ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (5%):
Նշվում է, որ առաջին տասնյակում ներառվել են նաև Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովն ու գերմանական գրականության դասական Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն:










