Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:57 • 23.09.18

Երևանի խնդիրներն ու լուծումները չեն հարցնում ո՛ չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ սև, ո՛չ սպիտակ: Այսօր Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 4/8 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր  ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ով ընտրատեղամաս էր եկել կրտսեր դստեր հետ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատեր քարոզարշավը, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կարելի է ասել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել՝ ինչպիսին են մեր ազգային պատկերացումները Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ: Մինչդեռ, միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին, և բավականին ժամանակ դրան տրամադրվեց, իսկ մենք խնդիր ունենք այսօր թե՛ ազգային միասնության, թե՛ ազգային կոնսոլիդացիայի՝ այս իրավիճակից դուրս գալու համար:

Իսկ Երևանը փորձադաշտ չէ, որպեսզի չափենք ուժերն այդ տեսանկյունից, այսինքն` միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից: Երևանը չի հարցնում ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ սև, ո՛չ մանուկ, ո՛չ այս , ո՛չ այլ կուսակցության ներկայացուցիչ, ո՛չ սև, ո՛չ սպիտակ: Այս թունավոր օդը շնչում ենք բոլորս, և Երևանն ասում է, որ մենք բոլորս պետք է գործողություններ կատարենք»,-ասաց նա:

Հարցին, որ սրանք Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, ԵԾԿ նախագահը նշեց, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց ամենակարևորն այն է, որ այսօրվա գործող իշխանությունը, պարտականությունը, որ ստանձնել է նա, անցկացնելն է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

Հետևաբար, ըստ Զարուհի Փոստանջյանի` սա իշխանությունների քննությունն է, ոչ թե մեր պայքարն ընտրակեղծարարության դեմ: «Իշխանությունը ստանձնողները հենց դա են պարտավորվել, և, հետևաբար, մենք սպասում ենք, թե ինչպես են իշխանությունները հանձնելու քննությունները, որովհետև իր ձեռքում են այն լծակները, որոնցով պետք է կանխվեն կեղծարարությունն ու ապօրինությունները»,-ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ, իհարկե, հասարակությունն էլ պետք է որոշ պատասխանատվություն վերցնի՝ չվերցնելով ընտրակաշառք, չտալով այն: ԵԾԿ նախագահը ևս լսել է ընտրակաշառքի մասին ահազանգեր, բայց դրանք չհաստատված են, քանի որ ինքը նշեց, որ չունի օպերատիվ-հետախուզական տվյալներ հավաքելու գործառույթ:

Անդրադառնալով այսօրվանից սպասելիքներին` Զարուհի Փոստանջյանը նշեց, որ թեկնածուների մեջ կան մարդիկ, որ իրոք, սրտացավ են Երևանի համար և իրոք կարող ուժ են:

«Սա մեկ հոգու գործ չէ, այս պահին մենք տեսնում ենք, որ կառավարությունն անգամ լիարժեք չի կարողանում իրականացնել, որովհետև, եթե երկիրը քանդված  է, ապա բոլորը պետք է մասնակցեն վերականգնողական աշխատանքներին»,-ասաց նա: