Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Երեկ տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ԸՕ աշխատանքային խմբի քարտուղարն է: Այն, ինչ ասում էր Դանիել Իոաննիսյանը, որ խախտվել է Հարկային օրենսգրքի այսինչ հոդվածը, ֆլեշմոբի համար դուք պետք է տուրք վճարեիք, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի ձևակերպումներ: Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ»,- նշեց Զոհրաբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կուսակցության իրավաբաններն արդեն Դանիել Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ են նախապատրաստում և հենց այսօր դիմելու են դատարան՝ Դ. Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար. «Քանի որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախօրեին Աջափնյակում՝ ԲՀԿ շտաբում, տեղի ունեցած գործողություններին, ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն նշեց. «12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով մեր 300-ից ավելի ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք անօրինական գործողություն եք կատարում, կաշառք եք բաժանում: Որևէ ահազանգ չի հաստատվել, որովհետև չկա ընտրակաշառք: ՀՀ հպա՛րտ ոստիկանապետ, չկա և չի լինելու ընտրակաշառք»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե ոստիկանությունը ընտրակաշառքի հստակ փաստեր չներկայացնի, հորդորելու է, որ ահազանգողները քրեական պատասխանատվության ենթարկվեն սուտ մատնության հոդվածով:
«Վստահ եմ, որ որևէ ահազանգ չի եղել: Մեզ համար պարզ է արդեն՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն իրենք էին ասում, որ հասկանում ենք, տիկի՛ն Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են, որ ահազանգ կա, և մենք պարտավոր ենք ահազանգել: Այսկերպ փորձել են կազմալուծել մեր ակտիվի աշխատանքը, ակտիվիստներին ահաբեկել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:










