232 ընտրողի անուն ընտրացուցակներում կամ սարքերում գրանցված չի եղել. դիտորդական խմբի դիտարկումները
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կոպիտ խախտումներ չեն գրանցվել, թաղային խուժանը բացակայել է, գրանցվել են տեխնիկական խնդիրներ:
Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքներն ամփոփելիս ասաց «Ականատես» խմբի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
«Օրվա ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ, հիմնական խախտումն այն է, որ 232 ընտրողների անուններ չեն եղել ընտրողների ցուցակում կամ սարքում գրանցված: Գրանցման հետ կապված եղել են խնդիրներ, մոտ 705 դեպք արձանագրել ենք, արձանագրվել է ընտրողին օգնելու վերաբերյալ 40 խախտում, 26 ընտրող իր անվան դիմաց ստորագրություն է նկատել, նրանցից մեկը չի քվեարկել և գնացել է ընտրատեղամասից, 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել»,-ասաց Սոնա Այվազյանը:
Նա նշեց, որ եղել են նաև փոքր մասշտաբի խախտումներ՝ քարոզչություն, հակաքարոզչություն,սակայն դրանց թիվը նախորդ ընտրությունների հետ համեմատած բավականին քիչ են:
«Թաղային խուժանի ներկայությունը այս տարի ընտրողը չի տեսել, քաղաքը հանգիստ էր: Ձայների հաշվարկի ընթացքում տեխնիկական խնդիրներ են գրանցվել, դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Այվազյանը:










