Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները գնահատում եմ գերազանց, արդյունքը հրաշալի է՝ 80 տոկոս և ավելի, ինչն, անկեղծ ասած, անակնկալ էր. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը՝ հավելելով, որ ինքը մտածում էր՝ «Իմ քայլը» կստանա 60-ից մի քիչ ավելի քվե:
«Սա, իհարկե, ժողովրդավարությանը նպաստող ամուր գործընթաց է, ավագանու ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չէին, և այս ընտրությունների արդյունքում պետք է օրինական դաշտ բերվեր հեղափոխությունը»,-ասաց նա:
Նշենք, որ մինչ ընտրությունները նա կոչ էր արել բոլորին, ինչպես ինքը, քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, և ինչի համար որոշ օգտատերեր նրան դավաճան էին որակել:
Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ ինքը լինելով այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ նման կոչ ուղղել է պետականամետ դիրքերից ելնելով: «Ես փորձ եմ արել մեր ուժի ներսում այդ գաղափարը տարածել, ցավոք սրտի, ընդհանուր ընկալում չի ունեցել, և ես իմ մասով եմ իմ այդ հայտարարությունն արել»,-ասաց նա:
Վիկտոր Ենգիբարյանը բացատրեց, որ հեղափոխությունների վերջին փուլը պետք է արձանագրվի արդեն քվեարկություններով: «Եթե առաջին քվեարկությունը լիներ հենց Գյումրի քաղաքում, հենց Գյումրի քաղաքի մասով էլ կհասկանայինք՝ հեղափոխությունն իսկապես ժողովրդի մեծամասնության կողմից է տեղի ունեցել, թե ոչ, որովհետև եթե հեղափոխական ուժը այս հեղափոխությունից հետո որպես ժողովրդագրական գործընթաց ստանար ավելի քիչ տոկոս, կստացվեր, որ իրականում մեծամասնությունը կանգնած չի եղել հեղափոխական ուժի հետևը, և շատ ուժեր կստանան իրավունք՝ ասելու, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում»,-ասաց նա:
Անդրադառնալով դավաճանության և ավելի ուժեղ կողմ անցնելու փորձի որակումներին՝ Վիկտոր Ենգիբարյանն արձագանքեց. «Ինձ, ովքեր որ ճանաչում են, նման հայտարարություն հաստատ չեն անի, մի երկու հոգի մեկնաբանություն են գրել «Ֆեյսբուքում» դավաճանության մասին, որոնք իրականում կեղծ օգտատերեր են, բայց համենայն դեպս գիտեք՝ ես «Ելք» դաշինքին էլ անդամակցել եմ այն ժամանակ, երբ որ ԱԺ ընտրություններն արդեն անցել էին: Այսինքն՝ ես որևէ կարիերիստական նկատառումներից ելնելով չեմ անդամակցել դաշինքին, ու դա շատերը գիտեն, այնպես որ, ուժեղ կողմին անցնելու մասին խոսք լինել չի կարող, բայց, եթե ուժեղ կողմը մեր երկրի անվտանգությունն է, ես խնդիր չեմ տեսնում»:
Իսկ թե ինչպես է պատկերացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Լույս» դաշինքի հետ իր հետագա անելիքները, Ենգիբարյանը նշեց, որ դեռևս որոշում չունի: «Դեռ չեմ էլ հանդիպել մեր կուսակցական ընկերների հետ, երբ որ կհանդիպեմ, կհասկանամ, որ մեր մեջ կա փոխադարձ հասկացվածություն ու նաև առ այն, որ քաղաքական սխալներն ընդունելի են, ես կշարունակեմ իմ գործունեությունը, եթե ոչ, հավանաբար, կդադարեցնեմ իմ գործունեությունը»,-եզրափակեց նա:










