«Հիմա մենք ԱՄՆ-ի մի շարք որոշումների մասին տեղեկանում ենք Twitter-ից». Գերմանիայի արտգործնախարարը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա ճգնաժամի մասին
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը պատմել է Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հարաբերություններում տեղի ունեցած ու երկկողմ շփումների վրա բացասական ազդեցություն թողած կառուցվածքային փոփոխությունների մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան այս մասին պատմել է DPA գործակալությանը տված հարցազրույցում:
Մաասն ընդգծել է, որ նախկինում կողմերի միջև բազմաթիվ խորհրդակցություններ էին անցկացվում կարևոր հարցերի շուրջ, իսկ որոշումները կայացվում էին բոլոր մակարդակներում համաձայնեցման արդյունքում:
«Իսկ հիմա մենք Միացյալ Նահանգների մի շարք որոշումների մասին տեղեկանում ենք Twitter-ից: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիներն իրենք էլ Սպիտակ տան որոշումների մասին Twitter-ից են տեղեկանում: Դա փոխում է համագործակցությունը»,-ասել է նախարարը:
Մաասը նկատել է, որ Եվրոպան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է իրեն ավելի ինքնավստահ պահի ու ընտելանա ընթացիկ իրողությանը:
«Շատերը կարծում են, թե կարող են մի քիչ սպասել, ու Թրամփը կհեռանա, բայց այս տեսակետը սխալ է: Տրանսատլանտյան հարաբերություններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք չեն վերանա նույնիսկ Թրամփի գնալուց հետո: Այդ իսկ պատճառով Գերմանիան ու հատկապես Եվրոպան պետք է ռազմավարական տեսանկյունից դրանց ընտելանան»,-եզրափակել է Մաասը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերությունները լարվել են ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու, ինչպես նաև ԵՄ-ից ԱՄՆ պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման ֆոնին:










