Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան
Լիբանան կատարած աշխատանքային այցիս վերջին օրն է: Այսօր այցելեցի Ազգային միացյալ վարժարան, որտեղ հանդիպումներ ունեցա Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ Արք. Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Էլի Թաշճյանի, Նելլի Վեքիլյանի և Գրիգոր Էքմեջյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Քննարկեցինք առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այնուհետև շրջայց կատարեցի վարժարանում, նորակառույց համալիրի տարածքում:
Չէի կարող գալ Լիբանան և չլինել Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում: Այստեղ հանդիպեցի համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի, համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, «Հայկազյան» հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանի, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Քննարկեցինք համալսարանի և նախարարության միջև առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր հետագա անելիքները։
Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով հանդիպում ունեցա Հայկազյան համալսարանի ուսանողների հետ»:













