Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

12:11 • 24.09.18

Իրանի տեղեկատվության նախարար (հատուկ ծառայությունների ղեկավար-խմբ.) Մահմուդ Ալավին հայտնել է Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մի քանի կասկածյալի ձերբակալման մասին, հայտնում է Tasnim գործակալությունը:


«Տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է Ահվազում զորահանդեսի ժամանակ ահաբեկչության հետ կապված մի քանի կասկածյալի ձերբակալման մասին»,- ասվում է գործակալության թվիթերյան էջում:


Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել շաբաթ օրն իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ, որի հետևանքով մահացել է 28 մարդ, ևս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:


Այդ օրը զորահանդեսներ են անցկացվել Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են եղել Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին:


Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և «Պարսից ծոցի երկրներից մեկը» ներգրավված են Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մեզ համար հստակ է՝ ով է դա արել, որ խմբավորմանն են պատկանում և ում հետ կապ ունեն»,- ասել է նա: