ԱՄՆ-ը մտադիր է մեղադրել Չինաստանին «թշնամական գործողությունների» համար. լրատվամիջոցներ
Վաշինգտոնը մտադիր է մեղադրել Պեկինին ԱՄՆ-ի պետական ու մասնավոր սեկտորների դեմ «թշնամական գործողությունների» համար՝ ներկայացնելով նաև հիմնավոր ապացույցներ: Այս մասին հաղորդում Axios պորտալը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:
Պորտալի տվյալներով՝ Սպիտակ տունը մտադիր է մեղադրանք ներկայացնել Չինաստանի դեմ և գործել՝ ելնելով ստացած տեղեկություններից: Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը կմեղադրի Պեկինին կիբերհարձակումների ոլորտում «կործանարար գործունեության», ընտրություններին միջամտելու և մտավոր սեփականության գողության համար:
Նշվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Չինաստանի դեմ մեղադրանքներով հանդես կգան Սպիտակ տունը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, առևտրի նախարարությունն ու Պենտագոնը: Ընդ որում՝ պորտալն ընդգծում է, որ ԱՄՆ վարչակազմն ունի մեծ ծավալով տվյալներ, ուստի մեղադրանքները հիմնավոր ու ապացուցված կլինեն:
Պորտալի աղբյուրը չի նշել, թե ինչու են նման քայլեր ձեռնարկվում հենց հիմա, սակայն հայտնի է, որ ԱՄՆ նախագահն արդեն իսկ իր համաձայնությունն է տվել մեղադրանքների ներկայացման համար:
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ Թրամփը կշարունակի դրական խոսել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի մասին՝ իրենց հարաբերությունները պահպանելու համար, ուստի մեղադրանքներ ներկայացնելու պարտականությունը կդրվի ԱՄՆ նախագահի առևտրային և արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդական Փիթեր Նավարոյի ուսերին:










