Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:57 • 25.09.18

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի կազմակերպած ընդունելությանը, գրում է Spiegel-ը՝ հղում անելով քաղատեղյակ աղբյուրին:

Պարբերականի հաղորդմամբ՝ առայժմ հնարավոր չէ ասել, թե ունի արդյոք կանցլերի այս քայլը որևէ քաղաքական ենթատեքստ: Նշվում է, որ նման միջոցառումների դեպքում նախագահը միշտ պաշտոնական հրավեր է հղում Մերկելին, սակայն վերջինս մինչ օրս ներկա է գտնվել միայն շատ կարևոր հանդիպումներին, ինչպիսին էին հինգ տարի առաջ Քաթարի էմիրի այցն ու 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի այցը:  Ընդ որում՝ ԳԴՀ-ի նախագահը նման միջոցառում է կազմակերպում բոլոր բարձրաստիճան հյուրերի համար:

Չնայած, որ վերջին տարիներին Էրդողանը բազմիցս այցելել է Գերմանիա, սա լինելու է նրա առաջին պաշտոնական պետական այցը: Այնուամենայնիվ՝ գերմանացի պաշտոնյաներից ու քաղգործիչներից շատերը կարծում են՝ սա չափազանց մեծ պատիվ է նման բարդ գործընկերոջ համար, ուստի զարմանալի չէ, որ շատերը, ինչպես և կանցլերը, մերժել են հրավերը: