Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:40 • 25.09.18

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ բազմակողմանի պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների վերահսկողության հարցերով բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գնդակն այժմ միանշանակ վրաց գործընկերների և այն պետությունների դաշտում է, որոնք նրան թույլ են տվել այդպես վարվել, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի: Որովհետև Վրաստանը միակողմանի կարգով երբեք չէր հանդգնի իրեն այդպես պահել: Միայն զգալով եթե ոչ լռելյայն աջակցությունը, ապա համաձայնությունը, նրանք, ցավոք, իրենց պահեցին այդպես և խախտում են նաև այս կարևոր բազմակողմանի պայմանագիրը»,- ասել է Երմակովը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ռուսաստանը գնացել է փոխզիջման և աչք է փակել Վրաստանի կողմից պայմանագրի կոպիտ խախտման վրա, երբ Վրաստանը, լինելով պայմանագրի անդամ, հրաժարվել է ընդունել ռուս դիտորդների թռիչքները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն արգելափակել է ռուսական ինքնաթիռի մուտքը Բաց երկնքի պայմանագրով դիտորդական թռիչքների համար՝ առանց բացատրության, այնուհետև Պետքարտուղարությունը հայտարարել է, որ հարկավոր են մասնագետների հետ լրացուցիչ խորհրդակցություններ: