Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:04 • 25.09.18

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ: Վարորդները երթուղին սպասարկող միկրոավտոբուսները կայանել են կառավարության դիմաց: Նրանք տեղեկացնում են, որ իրենք տենդերը շահած «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն են և չեն սպասարկում Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղին:

«Մենք օրինական ենք աշխատում, փաստաթղթերն ունենք, բայց չենք կարողանում նորմալ աշխատել, քանի որ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական տրանսպորտային միջոցներ են աշխատում՝ տաքսիներ, այլ փոխադրողներ գյուղերից, որոնք ուղևոր են փախցնում մեզանից: 20-ից ավել նոր մեքենաներ ենք բերել, բայց չենք աշխատում, դեղին համարները տալու գործընթացն էլ չեն անում, նախարարությունն անգործության է մատնված»,-նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Վարորդները նշեցին նաև, որ այս պահին ՍՊԸ-ի տնօրինությունը հանդիպման է Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:

«Հուսանք՝ կպայմանավորվեն, խնդիրները կլուծեն, դեղին համարանիշներն արագ կտրամադրվեն»,-նշեց վարորդներից մեկը: