«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավոր (թարմացված)

12:50 • 25.09.18

17:39
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լրացուցիչ մանրամասներ է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:

Եղիազարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Պայթյունի հետեւանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին եւ ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն:

Կայանում արտադրության եւ աշխատակիցների անվտանգությանն առնչվող որեւէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:

Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»:

 

16: 19  

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո թթվածնի կայանի տնօրեն Հենրիխ Խաչատրյանը վատ է զգացել, այս պահին գտնվում է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Tert.am-ի զրույցում նա ասաց, որ թեև պայթյունից հետո վիրավորում չի ստացել, սակայն իրեն վատ է զգացել, սրտի աշխատանքը վատացել է, քանի որ զոհվողը իրեն մոտ անձնավորություն է եղել:

Կայանի տնօրենը բացատրեց, որ բոլորովին արգելված է եղել թթվածնի բալոններ լիցքավորելը, սակայն այդ անձնավորությունն այնտեղի աշխատողն է եղել, կողպեքը, երևի, բաց է եղել, ինքը փոքր բալոն է բերել, միացրել, որ լիցքավորի, սակայն ճնշումների տարբերությունից պայթել է: Հենրիխ Խաչատրյանը նշեց, որ այդ օրն այդ աշխատողի հերթը չի եղել, և ինքը չգիտի՝ ինչու նա է եկել:

«Առանց մտածել արել է, մյուսին էլ բանի տեղ չի դրել, ինքը իրանով լցրել է: Չգիտեմ՝ ինչ պատճառով է բերել, մենք չենք տեսել, պայթյունից հետո ենք բոլորս էլ իմացել. եթե տեսնեի, կթողնեի՞, իհարկե կարգելեի»,-ասաց նա:

Հարցին, թե այդտեղ Ձեր պատասխանատվությունը կա՞, նա ասաց, որ դռան մոտ ինքը կանգնած չի եղել, աշխատավարձի ցուցակն է գրանցելիս եղել այդ պահին, թեև ոչ մի դիտավորություն չի տեսնում կատարվածի մեջ:

Նա ասաց, որ ինքը տեսել է՝ պայթյունից հետո փոքր բալոնի կտորներ են, և եթե մեծ բալոն լիներ, ամբողջ շենքը կքանդեր: «Այդ պայթյունը, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչից կլինի, իմ կարծիքով՝ այդ բալոնը, որ ինքը բերել է, չի նայել, չի հասկացել՝ ցածր ճնշման բալոն է եղել, միացրել է թթվածնի սխեմային և ոչ էլ գիտակցել է, թե ինչ բալոն է»,-ասաց նա և նշեց, որ որտեղից, ինչու է բերել այն, ոչ մեկին հայտնի չէ:

Հարցին, թե այսինքն՝ բերել էր, որ հիվանդանոցի հաշվին լիցքավորեր, նա ասաց՝ այո, և դա կկազմեր 200 դրամի ծախս: «Ես այդպես եզրակացնում եմ, իմ կարծիքով՝ 90 տոկոսով դա է եղել, որ բալոնը չի դիմացել ճնշմանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի հարցին, ապա Հենրիխ Խաչատրյանը նշեց, որ իր ազատման դիմումն արդեն դրված է թթվածնի կայանում: «Ամսի 10-ին գրել էի, որ արձակուրդ գնայի, չեն տվել, հետո 17-ին էի գրել, էլի չտվեցին, հիմա նոր համաձայնել են՝ ամսի 1-ին գնամ արձակուրդ և այնուհետև ազատվեմ աշխատանքից»,-ասաց նա և նշեց, որ այդ մասին երեկ շրջայցին խոսվել է: Նա նշեց, որ ազատման պատճառն այն է, որ բավական աշխատել է և ցանկանում է հանգստանալ:


15: 12  

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան վարկածներ, որ Կենտրոնում պայթյունի պատճառը տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարումն է եղել:    

«Օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որպեսզի նոր կատարի իր գործողությունը»,-ասաց նա և նշեց, որ աշխատակիցը նոր չէր: Վաչե Գյոզալյանը ևս հաստատեց, որ բալոնը ԲԿ-ին չի պատկանել: «Մենք չունենք նմանատիպ բալոն, բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, այդ բալոնը եղել է 45»,-ասաց նա:   

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում տվյալ բալոնը հայտնվել թթվածնային կայանում, Գյոզալյանը նշեց, որ հենց դա էլ փորձում են հասկանալ: «Հարցն այդ է և, մեզ համար էլ հանելուկ է, ըստ երևույթին, օպերատորն ինքն է բերել բալոնը, իր համար լիցքավորեր, տաներ»,-ասաց նա:

Նա ևս նշեց, որ պայթյունից զոհված աշխատակցի հերթափոխը չի եղել: «Իր անձնական օգտագործման համար բերել է բալոնը մեր արտադրամասում լիցքավորելու, իր գործողությունները կատարելու համար տունն է պետք եղել, թե մեկ այլ աշխատանքի վայրում, չեմ կարող ասել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այդքան հեշտությամբ կարո՞ղ է անձնական նպատակներով օգտվել թթվածնից, Վաչե Գյոզալյանը նշեց, որ չէր կարող. «Աշխատակից էր, դրա համար իրան թույլատրվում է»:

Հարցին, թե ըստ նրա՝ այդուհանդերձ եղե՞լ է թերացում, և կայանը խնդիր ունի արդյո՞ք, ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն նշեց, որ սա առաջին դեպքն է: «Մեր թթվածնի կայանի մասին տեղեկություններ կհայտնի ԱԻՆ-ը, որ լավագույնն է համարվում, տարին մեկ անգամ փորձաքննության է ենթարկվում, մեկ ամիս առաջ է անցել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Ներկա պահին էլ թթվածնի կայանը աշխատում է, այսինքն՝ եթե խնդիրը լիներ կայանի մեջ, չէր աշխատի, դա նշանակում է, որ խնդիրը բալոնի մեջ է եղել»,-ասաց նա: 

14:31


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ այսօր կեսօրին պայթյուն է տեղի ունեցել ԲԿ-ի տարածքում գտնվող թթվածնի արտադրման կայանում, որի հետևանքով ԲԿ-ի աշխատակիցը՝ տեխնիկ-օպերատորը, վախճանվել է:


Տնօրենի խոսքով՝ նախնական տվյալներով՝ այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ, և թթվածնի բալոնը չի պատկանել ԲԿ-ին:


«Փաստն եմ ասում, որ այդ բալոնը չի պատկանել ԲԿ-ին, վարկածներ չեմ ուզում ասել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է այդ բալոնը հայտնվել հիվանդանոցի տարածքում և ինչու»,-ասաց նա:


Հարցին, թե ինչի՞ց են եզրակացրել, որ բալոնը ԲԿ-ինը չէ, տնօրենի ԺՊ-ն ասաց, որ պայթյունից անմիջապես հետո տեղում են եղել, տեսել են, որ բալոնն ավելի փոքր է և ոչ այն տեսքով, որ կան ԲԿ-ում:


Արման Հովակիմյանը նշեց, որ թթվածնի կայանն այս տարի հունիսին է անցել փորձաքննություն և դրական եզրակացություն է ստացել շահագործման համար: Ըստ նրա՝  աշխատակիցներն ունեցել են  տեխնիկական հավաստագրեր, որ կարող են աշխատել կայանում:


ԺՊ տնօրենը հաստատեց, որ թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը:


Դիտարկմանը, որ փաստորեն ամենօրյա ստուգում չի անցել կայանը, ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն պատասխանեց, որ ամենօրյա ստուգում միայն նա չի անցկացնում: «Անցկացնում են տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, թթվածնի կայանի տնօրենը և ընդունող հանձնող տեխնիկ-օպերատորները: Ամեն օր ստուգում են պարտադիր»-ասաց նա:


Ի դեպ, տնօրենը նշեց, որ պայթյունից մահացած աշխատակիցը Վահրամ Գասպարյանն է: Բացի այդ, մեկ վիրավոր կա, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վտանգավոր վնասվածք չի ստացել, ուսից է թեթև վնասվածք ստացել:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ աշխատակիցների թերացման արդյունք լինի պատահարը, տնօրենը պատասխանեց. «Այն, որ ԲԿ-ին չպատկանող բալոն է հայտնվում հիվանդանոցում, եթե դա չհամարենք թերացում, ուրեմն թերացում չէ»:


13: 38


«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով մեկ զոհից բացի կա նաև մեկ վիրավոր, ով թեթև վնասվածքով տեղափոխվել է նույն ԲԿ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

«Ըստ տվյալների՝ պայթել է հիվանդանոցի բակում գտնվող թթվածնի կայանի բալոնը: Ոստիկանությունը դեպքի վայրում է, հանգամանքները ճշտվում են»,-ասաց նա:

Լիանա Եղիազարյանը նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ բալոնը չի պատկանել հիվանդանոցին, դրսից է բերված եղել:

Պայթյունի հետևանքով զոհված քաղաքացին Վահրամ Գասպարյանն է։

12: 50

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է գրանցվել, դեպքի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել:

Tert.am-ի հարցին, թե ինչ ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանությունն այս կապակցությամբ, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 25-ին՝ 12:05-ին, հիիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել:

«Ստացված ահազանգի համաձայն՝ բալոնի պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է: Մահացածը 1978 թվականին ծնված տղամարդ է, ով աշխատում էր՝ որպես թթվածնի արտադրամասի օպերատոր»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, կատարվում են համապատասխան գործողություններ, հանգամանքները պարզվում են:

Tert.am-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բշժկական կենտրոնի հետնամասում, որտեղ տեղադրված են թթվածնային բալոններ: