Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով
Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը երկուշաբթի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել սեպտեմբերի 9-ին Մոսկվայում չարտոնված հանրահավաքի կազմակերպման համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նրա համար որպես պատիժ 20-օրյա վարչական կալանք է սահմանվել:
Tert.am-ը երեկ հաղորդել էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է: Նա պատժիչ հաստատությունում կրել է իր նկատմամբ սահմանված 30-օրյա վարչական կալանքը՝ 2018 թվականի հունվարին Մոսկվայի կենտրոնում չարտոնված միջոցառում կազմակերպելու համար: Այդ մասին Twitter-ում գրել էր նրա աջակից Լեոնիդ Վոլկովը:
«Ալեքսեյ Նավալնիին ձերբակալեցին պատժիչ հաստատությունից դուրս գալիս: Բացեցին դուռը և անմիջապես նստեցրին ավտոբուսն ու տարան անհայտ ուղղությամբ»,- գրել է նա:
Ավելի ուշ Վոլկովը պարզաբանել էր, որ ընդդիմադիրը գտնվում է «Դանիլովսկիյ» ներքին գործերի բաժանմունքում, նրա նկատմամբ ձևակերպում են նոր վարչական գործ՝ «Հանրահավաքի անցկացման ժամանակ թույլ տրված խախտումներ, որոնք վնաս են հասցրել մարդու առողջությանը»:










