Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:40 • 25.09.18

Նորվեգիայի անվտանգության ոստիկանական ծառայությունը (PST) կասկածում է, որ Օսլոյի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի, ՌԴ դաշնային խորհրդի աշխատակազմի տեխնիկակակն աշխատակից Միխայիլ Բոչկարյովը Նորվեգիայում տեղեկություններ է հավաքել անլար ցանցերի միջոցով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քաղաքացու փաստաբան Բենդիկ Ֆալկ-Կուսլունգը, գրում է ТАСС-ը:

«PST-ի կասկածներն, ի թիվս այլնի, վերաբերում են անլար ազդանշաններով և ցանցով Սթորթինգի (Նորվեգիայի խորհրդարան) շենքում տվյալներ հավաքելուն: Նա հերքում է, որ նման գործողություններ է իրականացրել»,- հայտարարել է Ֆալկ-Կուսլունգը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 51-ամյա Բոչկարյովի այցից հետո Սթորթինգի վարչակազմն արգելք է սահմանել շենքում պրինտերների օգտագործման համար, քանի որ սարքերի կոշտ սկավառակների վրա պահպանվում են խորհրդարանի բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին ենթադրյալ հարձակման թիրախը լինել: Նորվեգիայի ազգային անվտանգության վարչության տեխնիկական փորձագետները նաև փորձում են պարզել, թե արդյոք Բոչկարյովը կարող էր խորհրդարանում լրտեսող սարքեր թողնել:

Նորվեգիայում ՌԴ դեսպանատունը պահանջել է չեղարկել ՌԴ քաղաքացու նկատմամբ սահմանված մեղադրանքները և նրան ազատ արձակել: