ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում մեկնարկել է Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը
ՄԱԿ-ի 2018թ. Ընդհանուր վեհաժողովի շրջանակում RefugePoint («Ապաստանատեղի») կազմակերպությունը, Փախստականների հարցերով կանանց կոմիտեն (Women’s Refugee Commission) և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ անցկացրել են «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողով։ Այն նպատակ ուներ գործարկելու Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը տարբեր կազմակերպությունների, պետական գործակալությունների, հիմնադրամների, գիտահետազոտական ինստիտուտների և այլ գործընկերների կոլիացիայի համատեղ ձեռնարկումն է և կենտրոնանում է ինքնաբավ դառնալու գործում փախստականների հնարավորություններն առաջ մղելու վրա։
Փախստականների ինքնապահովման նախաձեռնության հայտարարության մեջ ասված է, որ նպատակ է դրվել հինգ տարում հասանելի դառնալ հինգ միլիոն փախստականի՝ ինքնապահովման խնդրի վրա առանձնակի կենտրոնացմամբ։ Կազմակերպությունն ստեղծելու և փորձարկելու է չափման նոր գործիք՝ Ինքնապահովման ցուցիչը (Self Reliance Index), որով չափվելու է ինքնապահովման ուղղությամբ փախստականների առաջընթացը՝ ընթացս բարձրացնելով դրա մասին իրազեկվածությունն աշխարհում։
Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է. «Մենք խորապես հավատացած ենք, որ փախստականները և հատկապես նրանք, ովքեր անցել են տառապանքների և բռնությունների միջով, հսկայական ներուժ ունեն աշխարհը վերափոխելու հարցում։ Ես սա լավ գիտեմ, քանի որ հայազգի մեր նախնիները հենց դա են արել։ Մեզ անչափ հաճելի է լինել Ինքնապահովման նախաձեռնության մի մասնիկը, քանի որ դա մարդասիրական հզոր նախաձեռնություն է, որը ցույց է տալու աշխարհին, որ փախստականներն ամենաանգնահատելի ռեսուրսն են, երբ հարցը հանգում է նրանց առջև ծառացող խնդիրների լուծմանը գլոբալ մասշտաբով»։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ փախստականների 80%-ը տեղաբաշխվում է զարգացող երկրներում, իսկ նրանց տարաբնակեցման միջին ժամանակահատվածը կազմում է 20 տարի։ Սույն միջոցառման ընթացքում շեշտվել են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել մասնավոր սեկտորի, դոնոր և ընդունող կառավարությունների, փախստականների փոխօգնության խմբերի և աջակից համայնքի կողմից՝ օգնելու փախստականներին տնտեսական և սոցիալական մասնակցություն ցուցաբերել ընդունող երկրներում՝ հանուն նրանց բարօրության։
Նյու Նորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասել է. «Մեզ համար պատիվ է օժանդակել Փախստականների ինքնապահովման նախաձեռնությանը, քանի որ այն համահունչ է այն խնդիրներին ու նպատակներին, որոնք ունի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ համընդհանուր մարդկայնության նկատմամբ մեր նվիրման առհավատչյան, և աջակցություն մատուցելով՝ հույս պարգևել նրանց, ովքեր ունեն տարրական մարդասիրական օգնության ամենահրատապ կարիքը։ Կարևոր է բարձրացնել փախստականների կարիքներին առնչվող բովանդակալից և նորարարական համաշխարհային լուծումների շուրջ աշխարհի իրազեկությունը, որպեսզի բոլորս կարողանանք գտնել նրանց օգնելու պատշաճ ուղիներ»։
RefugePoint կազմակերպության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանովը հավելել է. «Ճգնաժամային արդի ժամանակաշրջանում, երբ վերջին 20 տարվա ընթացքում տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է 25 միլիոնը, աշխարհին անհրաժեշտ են փախստականների համար նորովի լուծումներ։ Նորարարական ծրագրերով և հաջողության չափման գործիքներով զինված Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը նպատակ ունի հինգ տարվա ընթացքում հասանելի դառնալու հինգ միլիոն փախստականների՝ նրանց բոլորին ուղղելով ինքնապահովման ուղով և կյանքի կոչելով Փախստականների համաշխարհային համաձայնագրի նպատակները»։
Փախստականների հարցերով կանանց կոմիտեի գործադիր տնօրեն Սառա Կոշտան նշել է. «Փախստականների և տեղահանված բնակչության ինքնապահովման առաջխաղացումն այժմ առավել քան երբևէ կարևոր է։ Սա այն է, ինչ փախստականներն իրենք են ցանկանում։ Սա նաև այն փոփոխության մի մասն է, որն անհրաժեշտ է հումանիտար համակարգին»։
«Ավելի լավ կյանք այսօր» մեկնարկային միջոցառման նպատակն է հիմք ընդունելով շարունակել այն դրույթները, որոնք ներառված են Փախստականների համաշխարհային համաձայնագրում (GCR), որը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի անդամ երկրներին՝ ստորագրության։ Համաձայնագրի վերջնական տարբերակն իր նպատակների շարքում ներառում է փախստականների «ինքնապահովման բարելավումը»՝ որպես դրույթ։










