Լոնդոնցիները Թեմզայում «մոլորված» բելուգա կետ են նկատել (տեսանյութ)
Լոնդոնի բնակիչները մայրաքաղաքով հոսող Թեմզա գետում հյուսիսային ծովերում բնակվող բելուգա կետ են նկատել (The beluga whale կամ white whale): Այդ մասին գրում է kentlive.news-ը՝ մանրամասնելով, որ գետի ափին բազմաթիվ հետաքրքրասերներ են հավաքվել՝ այս վայրերի համար արտասովոր կետին տեսնելու համար: Հատկանշական է, որ կենդանին տևական ժամանակ գրեթե նույն տարածքում է մնացել:
Հայտնի է, որ նրան առաջինը նկատել է բնապահպան Դեյվ Էնդրյուսը՝ այդ մասին թվիթերյան գրառում անելով:
Ավելի ուշ մասնագետներն ահազանգել են, որ ծովային կենդանին մոլորվել է ու չի կարողանում ծով վերադառնալ:
«Բելուգա կետին տարածք է անհրաժեշտ: Ի տարբերություն ծովի խորը ջրերում բնակվող կետերի, որոնց մենք երբեմն հանդիպում ենք Թեմզայում, բելուգաներն այսքան հեռու հարավ չեն գալիս ու երբեք մենակ չեն լողում»,-հայտարարել է Կետերի ու դելֆինների պահպանության միությունը:










