Պորտուգալիան համաձայնել է ներգաղթյալների «մերժված» նավից ընդամենը 10 մարդ ընդունել
Մինչ Եվրոպան շարունակում է տարակարծիք մնալ և լուծում չի գտնում Միջերկրական ծովով Հին աշխարհամաս ժամանող մեծաթիվ ներգաղթյալներին ընդունելու հարցում, Պորտուգալիայի իշխանություններն առաջարկել են ընդամենը 10 մարդ ընդունել ներգաղթյալներին տեղափոխող Aquarius փրկարարական նավից:
Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնական Լիսաբոնի հայտարարությունից հետո, Ֆրանսիան համաձայնել է ընդունել 18, իսկ Իսպանիան ու Գերմանիան՝ 15-ական ներգաղթյալի: Հայտնի է, որ նավում կա 58 ներգաղթյալ, որոնք խորտակվելուց են փրկվել Լիբիայի ափերի մոտ:
Պարբերականը նկատում է, որ Aquarius-ն աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել հունիսից, երբ Իտալիան ու Մալթան հրաժարվել էին նավահանգիստ տրամադրել 360 ներգաղթյալի՝ այդ թվում նաև 104 երեխայի ու 7 հղի կնոջ տեղափոխող նավին: Մի քանի օր տևած անորոշությունից ու միջազգային տարածքային ջրերում թափառելուց հետո նավն ընդունել էր Իսպանիան:
Հայտնի է, որ ամեն տարի հազարավոր ներգաղթյալներ փորձում են հատել Միջերկրական ծովը, որպեսզի հասնեն Եվրոպա ու այնտեղ ապաստան ստանան: Սակայն ողբերգական դեպքերի պատճառով նրանց մի մասն այդպես էլ ափ չի հասնում: Հայտնի է, որ ընթացիկ տարում այնտեղ խորտակվել է 1.730 ներգաղթյալ:
Աղբյուրն ընդգծում է, որ Եվրոպայի համար ներգաղթյալներն իսկական «գլխացավանք» են դարձել: Իտալիայի վարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկրում չափից շատ ներգաղթյալ կա և որ Հռոմն այլևս չի պատրաստվում նորերին ընդունել:










