Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի օգնության ծրագիրը

17:14 • 26.09.18

Եվրախորհրդարանի բյուջեի հարցերով հանձնաժողովի անդամները համաձայնել են չեղարկել Եվրամիությանն անդամակցումը նախապատրաստելու նպատակով Թուրքիայի համար նախատեսված 70 միլիոն եվրոյի օգնությունը՝ օրենքի գերակայությունը բարելավելու պայմաններին չհամապատասխանելու հիմքով, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Հանձնաժողովը հայտնել է, որ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա:

Ինչպես նշվում է հանձնաժողովի հայտարարությունում, անցած նոյեմբերին տեղի ունեցած բյուջետային բանակցությունների ժամանակ Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը որոշել են 70 միլիոն եվրո հատկացնել Թուրքիային՝ այն պայմանով, որ այն բավարար բարելավումներ իրականացնի օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի ազատության ոլորտներում:

Այնուամենայնիվ, Թուրքիայի վերաբերյալ 2018 թվականի ապրիլի 17-ին Եվրահանձնաժողովի հրապարակած ամենամյա զեկույցը եզրակացրել է, որ Թուրքիան զգալիորեն հեռացել է Եվրամիությունից, մասնավորապես՝ օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների ոլորտներում: