Ինգուշեթիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել Չեչնիային հողեր փոխանցելու մասին տեղեկությունների պատճառով, բերվել են «Ռոսգվարդիա»-ի ուժեր
Ինգուշեթիայի Սունժա քաղաքում բողոքի ինքնաբուխ ակցիա է սկսվել Չեչնիային Սունժայի շրջանի հողերը փոխանցելու դեմ: Բողոքի ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ, հայտնում է «Кавказский узел»-ը:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, Սունժայի մշակույթի տան շենքի մոտ է հավաքվել մոտ 50 տղամարդ:
Անհանգստությունները սկսվել են երեքշաբթի՝ շրջանի ղեկավար Իսա Խաշագուլգովի հեռանալու մասին տեղեկությունից հետո: Պաշտոնյան նշել է, որ ինքնակամ է հրաժարական տվել, բայց ակտիվիստները ենթադրում են, որ դա կապված է շրջանի մի մասը Չեչնիային փոխանցելու հետ:
Սունժայում հավաքվածները պահանջում են պաշտոնյաներից բացատրել, թե արդյոք մտադրություն կա Ինգուշեթիայի մի մասը փոխանցել Չեչնիային: Նրանց տեղեկություններով՝ տարածքային վեճի լուծման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբերի 26-ին:
Միևնույն ժամանակ, Ինգուշեթիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ կխոչընդոտի չարտոնված զանգվածային միջոցառումների անցկացման փորձերը:
«Կազմակերպիչները և մասնակիցները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ընդգծել են նախարարությունում:
Նշվում է, որ Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագաս են բերվել Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ստորաբաժանումներ: Բացի այդ, ոստիկանական կետերն ուժեղացվել են և լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել:
Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև վարչական սահմանի որոշման վերաբերյալ տարածքային վեճը պարբերաբար առաջանում է 1990-ականների սկզբից ի վեր, երբ Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մեջ մտնող երկու պետություններն առանձնացան իրարից: 1993 թվականին Չեչնիայի և Ինգուշեթիայի ղեկավարներ Ջոխար Դուդաևը և Ռուսլան Աուշևը պայմանագիր են ստորագրել, համաձայն որի Սունժայի շրջանը, բացառությամբ երկու բնակավայրի, անցել է Ինգուշեթիային:
2018 թվականի սեպտեմբերի սկզբին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել Չեչնիայի վարչական սահմանը հստակեցնելու համար հանրապետական պետական հանձնաժողով ստեղծելու մասին:










