«Ես նման արձագանք չէի սպասում». հրապարակվել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթի վրա ծիծաղելու տեսանյութը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ դահլիճում նստած ու իրեն լսող համաշխարհային առաջնորդներին և դիվանագետներին ստիպել է ծիծաղել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ պատճառը եղել է ԱՄՆ նախագահի պարծենկոտ հայտարարությունը:
Համապատասխան տեսանյութն արդեն համացանցում է:
Հայտնի է, որ նախագահը ելույթում ասել է, որ ինքն ու իր վարչակազմն ավելի շատ գործ են արել, քան Միացյալ Նահանգների պատմության մեջ որևէ այլ նախագահ:
«Երկու տարուց էլ քիչ ժամանակում ես և իմ վարչակազմն ավելի շատ գործ ենք արել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ, և դա ճիշտ է»,-ասել է Թրամփը:
Daily Mail-ը հավելում է, որ երբ ներկաները սկսել են ծիծաղել, Թրամփը դադար է տվել ու անկեղծորեն ասել, որ նման արձագանք չէր սպասում:
«Ես, իհարկե, նման արձագանք չէի սպասում, բայց դա նորմալ է»,- ասել է նախագահը:
Հայտնի է, որ ելույթի ժամանակ Թրամփն անդրադարձել է Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, ԵՄ-ի, Վենեսուելայի, Սիրիայի և Իրանի հետ հարաբերություններին:










