«Նման հայտարարությունները պատասխանի արժանի չեն». Իրանը՝ ռուսական Իլ-20-ի կործանմանը ներգրավված լինելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքների մասին
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ Քեյվան Խոսրավին հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանմանը ներգրավվածության մասին Իսրայելի մեղադրանքները պատասխանի արժանի չեն, գրում է lenta.ru-ն:
«Իհարկե, մենք մեծ նշանակություն չենք տալիս Իսրայելի հայտարարություններին: Ես նկատի ունեմ, որ նման հայտարարությունները պատասխանի կամ ինչ-որ քննարկման արժանի չեն: Ես կարծում եմ, որ այդ հարցի վերաբերյալ լավագույն մեկնաբանությունը ներկայացրել է Ռուսաստանի կառավարությունը»,- նշել է նա:
Խոսրավիի խոսքով՝ ռուսական կողմը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Սիրիայում տեղի ունեցած աղետի մասին, ինչպես նաև հստակ նշել է մեղավորներին:
Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Սիրիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:










