«Մենք հետևում ենք ձեր քայլերին». Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին, որ նա ստիպված կլինի բարձր գին վճարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին, որ նա ստիպված կլինի բարձր գին վճարել, եթե շարունակի խոչընդոտել ԱՄՆ-ին կամ իր դաշնակիցներին: Այդ մասին հակաիրանական ակտիվիստների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, գրում է The Guardian-ը:
«Արնախում ռեժիմը և դրա աջակիցները զգալի հետևանքներ կունենան, եթե չփոխեն իրենց պահվածքը»,- ասել է նա:
«Իմ այսօրվա ուղերձը թող հստակ լինի՝ մենք հետևում ենք ձեր գործողություններին, և կգանք ձեր հետևից: Եթե դուք փորձեք մեզ, մեր դաշնակիցներին կամ մեր գործընկերներին խոչընդոտել, եթե դուք վնասեք մեր քաղաքացիներին, եթե դուք շարունակեք ստել և խաբել, այո՛, դուք ստիպված կլինեք բարձր գին վճարել դրա համար»,- հավելել է նա:
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման և միջուկային ծրագիրը զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:










