Մադուրոն խնդրել է ՄԱԿ-ին հետաքննել իր դեմ մահափորձը

11:41 • 27.09.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով միջազգային հետաքննություն անցկացնել իր դեմ կատարված մահափորձի առնչությամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, Մադուրոն այս մասին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ:

«ՄԱԿ-ին խնդրում եմ գլխավոր քարտուղարի անունից պատվիրակ նշանակել, որպեսզի նա հարձակման գործով հետաքննություն անցկացնի: Վենեսուելան պատրաստ է դրան»,-ասել է Մադուրոն:

Նախագահը հավելել է, որ գործի շրջանակում արդեն ձերբակալվել է 28 մարդ: Վենեսուելան պարզել է նաև, որ հարձակումը նախապատրաստվել էր ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:

Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական Soldados de Franelas զինված խմբավորումը: