ԱՄՆ կոալիցիան ստանձնել է Սիրիայում և Իրաքում 1114 խաղաղ բնակիչների մահվան պատասխանատվությունը

18:15 • 27.09.18

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությունների հետևանքով 2014 թվականի օգոստոսից զոհվել է 1114 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով զինվորականների զեկույցը:

«Կոալիցիան 30 007 հարված է իրականացրել 2014 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի օգոստոսի վերջը: Հիմնվելով հասանելի տեղեկությունների վրա՝ համատեղ միավորված օպերատիվ խմբի (CJTF-OIR) գնահատականով՝ այդ ընթացքում առնվազն 1114 քաղաքացիական անձ է սպանվել ոչ դիտավորյալ կոալիցիայի հարվածների հետևանքով  «Անսասան վճռականություն» գործողության մեկնարկից ի վեր»,- ասված է հայտարարությունում:

Հուլիսի վերջի դրությամբ՝ կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է 1059 խաղաղ բնակիչ:

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները 2014 թվականի օգոստոսից ի վեր Սիրիայում և Իրաքում իրականացնում են «Անսասան վճռականություն» ռազմական գործողություն՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ: