«Նրանք չեն ցանկանում, որ ես հաղթեմ». Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի համար (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին միջամտելու փորձերի համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, երբ Թրամփին խնդրել են իր մեղադրանքը հիմնավորել ապացույցով, ԱՄՆ նախագահը մեջբերում է արել Այովա նահանգի պարբերականներից մեկում Չինաստանի կառավարության ֆինանսավորմամբ հրապարակված ու Թրամփի առևտրային քաղաքականությունը քննադատող նյութից:
Նա նշել է, որ Այովան Կոնգրեսի ընտրությունների համար չափազանց կարևոր նահանգ է, ու Չինաստանի պատվերով հակաիշխանական նյութի հրապարակումը պատահական չէ:
Պարբերականը նշում է, որ Թրամփի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն անակնկալի է բերել ոչ միայն չինական կողմին, այլև հենց Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին:
Հայտնի է, որ հանդիպման շրջանակում նախատեսված էր քննարկել զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու հարցը, սակայն Թրամփը բոլորի ուշադրությունը շեղել է՝ հայտարարելով, որ Չինաստանը փորձում է միջամտել 2018թ. կայանալիք ամերիկյան ընտրություններին:
«Նրանք չեն ցանկանում, որ ես կամ մենք (նկատի ունի կուսակից հանրապետականներին) հաղթենք, քանի որ ես առևտրի հարցում Չինաստանին մարտահրավեր նետած ԱՄՆ առաջին նախագահն եմ: Ես չեմ ցանկանում, որ նրանք միջամտեն մեր ընտրությւոններին»,- հայտարարել է նախագահը:
Մինչդեռ Չինաստանի արտգործնախարարը հերքել է Թրամփի ասածը՝ նկատելով, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, քանի որ Պեկինը երբևէ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:










