Էջմիածին-Երևան 203 համարի երթուղին մի քանի կետով խախտել է մրցութային կարգը. Հենրիկ Նավասարդյան

12:06 • 27.09.18

Էջմիածին-Երևան ուղղությամբ փոխադրումներ կատարող 203 համարի երթուղայինը մրցույթային կարգի պայմաններ է խախտել, ուղեգծի շեղում է տեղի ունեցել, ուղևորափոխադրում է կատարում մինչև շրջանային, այնինչ վերջնակետը պիտի լիներ ավտոկայանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով 5 համարի երթուղու վարորդների գործադուլի պատճառներին:

Հենրիկ Նավասարդյան նշեց նաև, որ 203 համարը նաև ուղևորափոխադրման սակագին է բարձրացրել, ինչը ևս խախտում է:

«Խնդրի կարգավորումը ոչ թե մեր իրավասության մեջ է, այլ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, մենք դիմել ենք տարբեր կառույցների՝ խնդրելով այս հարցին լուծում տալ, որվհտեև խոչընդոտվում ներքաղաքային երթուղու կանոնավոր աշխատանքներին, ինչը դժոգոհությունների պատճառ է հանդիսացել: Շուրջ մեկ ամիս է խնդրում ենք մեր երթուղու վարորդներին, որպեսզի աշխատեն, մինչև խնդիրը լուծում կստանա, բայց գրեթե չեն աշխատել»,-շեշտեց նա:

Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ 5 համարի երթուղու  և 203 համարի երթուղու վարորդների միջև նաև վեճ, քաշքշուկ է եղել. Ջրվեժից ուղևորափոխադրում իրականացնող 5 համարի երթուղու վարորդները պնդում են, որ 203 համարի երթուղին սպասարկող մեքենաներն իրենց իրենց ուղևորներին խլում են ավտոկյանից սկսած, չեն կարողանում օրվա սահմանված «պլանը» կատարել:

Պաշտոնյան ասաց, որ հիմա 5 համարի երթուղին չի աշխատում, քանի որ, վարորդների պնդմամբ, կարող է կրկին միջադեպ լինել:

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի որոշման՝ ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

«Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի երկրոդ կետի՝ միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ: 2012-2013 թ-ին նախարարության հետ համաձայնեցրել ենք բոլոր երթուղիների վերջնակետերը և որպես վերջնակետ Երևան -Էջմիածին երթուղու համար նախատեսված է եղել Կիլիկիա ավտոկայանը»,-շեշտեց նա:

Հենրիկ Նավասարդյանը նաև ասաց, որ 203 համարի երթուղին ոչ թե ուսանողական երթուղի է, այլ խախտումներով իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում:

Նա ընդգծեց, որ եթե խնդիրը չկարգավորվի ապա, այն կարող է դառնալ նախադեպ՝ մյուս համայնքներից ուղևորափոխադրումներ իրակացնողների համար, ինչը քաղաքում կհանգեցնի երթևեկության կոլապսի:

«Ուսանողական երթուղներ շուրջ 10-15 համայնքներից գալիս են, որոնց համար Երևանի քաղաքապետարանը տեղ է հատկացրել, ուսանողներին իջեցնում են այնտեղ և օրվա վերջում տանում են: Համայնքների մեծամասնությունը էդ ուսանողներին անվճար է տեղափոխում, շահույթ չի հետապնդում և Երևանի քաղաքապետարանը չի խոչընդոտել, այլ հակառակը»,-ասաց նա:

Ինչ վերբերում է Աբովյանից  կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելուն, ապա նա շեշտեց, որ քաղաքապետարանի հետ երթուղին համաձայնեցված է:

Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ իրենք պատրաստ են կատարել նաև 5 համարի երթուղու վարորդների պահանջը՝ «պլանը» իջեցնել, սակայն դա հետագայում կարող է հանգեցնել լուծարման: