«Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանումը կարող էր առավել լուրջ հետևանքների հանգեցնել». Նեթանյահու

09:59 • 27.09.18

Սիրիայում ռուսական Իլ-20 օդանավի հետ կապված միջադեպը կարող էր «առավել լուրջ հետևանքների» հանգեցնել: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:


Թե ինչ է նկատի ունեցել դա ասելով՝ իսրայելցի պաշտոնյան չի պարզաբանել:


Նա նաև ընդգծել է, որ երկիրը կշարունակի հակազդել Սիրիայում Իրանի ռազմական ներկայության ամրապնդմանը և մտադիր է պահպանել Մոսկվայի հետ երկխոսությունը:


Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է սեպտեմբերի 17-ին՝ «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում: 


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3D ձևաչափով տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում: