«Մենք անպայման կմիավորենք Վրաստանը, և Սուխումը կդառնա մեր մայրաքաղաքը». վրաց պաշտոնյա
Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» շարժման նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն Վրաստանի միասնականության համար զոհվածների հուշահամալիրի մոտ հայտարարել է, որ իրենք անպայման կմիավորեն Վրաստանը, և վստահություն է հայտնել, որ Սուխումը կդառնա Վրաստանի մայրաքաղաքը, գրում է apsny.ge-ն:
«Մենք անպայման դա կկարողանանք անել: Գլխավորը, որ մենք միասին լինենք: Ուժը միասնության մեջ է, և մենք անպայման կհաղթենք չարին, որը դեմ է Վրաստանի ամրապնդմանը»,- ասել է նա:
Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ և Աբխազիայի պատերազմի զոհերի հիշատակին սեպտեմբերի 27-ին Վրաստանի ամբողջ տարածքում իջեցվել են պետական դրոշները:
Սուխումի անկումից ի վեր անցել է 25 տարի: Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրացական կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև հակամարտությունը տևել է 13 ամիս և 13 օր:










