Արմավիրցիները դժգոհում են, որ մարզում հայտնաբերված խախտումներին իրավական գնահատական չի տրվում. ՔԿ-ի պարզաբանումն է՝ 9-ից 2 համայնքի վերաբերյալ հարուցված քրգործ կա
Tert.am-ն ընթեցողից տեղեկություն էր ստացել, որ Արմավիրի մարզի տարբեր համայնքներում ու կառույցներում ստուգումներ են արվել, իսկ թե ինչ են հայտնաբերել հայտնի չէ: Դիմողը մի շարք քաղաքացիների անունից գրավոր հայտնել է.
«Ձեզ ենք դիմում մեր և բազմաթիվ արմավիրցիների անունից ՀՀ Արմավիրի մարզի՝ Ջրառատ,Եղեգնուտ,Արշալույս,Գեղակերտ և այլ համայնքներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների և չարաշահումների վերաբերյալ իրավական գնահատականներ տալու գործընթացի տեղում դոփելու և ծածկադմփոց անելու վերաբերյալ: Բազմիցս տարբեր համայնքների բնակիչներից լսում, նաև որպես բնակիչ ականատես ենք լինում տարատեսակ դեպքերի,երբ համայնքի ղեկավարներn ակնհայտ ոտնահարում են բնակչի իրավունքներն ու իրականացնում հակաիրավական գործընթաց: Արմավիրի մարզում ստուգումներ իրականացրած Արմավիրի մարզպետարանի և այլ տարբեր մարմինների կողմից հայտնաբերված ժողովրդին քաջ հայտնի համայնքապետների տարիներով կատարած նոր Հայաստանին անվայել «քավոր-սանիկ» հինավուրց ավանդույթով, «հարցեր լուծող» մեծ ունակություններ ունեցող անձանց և պաշտոնյաների միջոցով օրենքը խախտողների պատասխանատվության հարցի լուծմանը սպասում են բազմաթիվ օրինապաշտ արմավիրցիներ: Խնդրում ենք ձեր աջակցությունը»:
Tert.am-ը գրավոր հարցում ուղարկեց Արմավիրի մարզպետարան, հարցմամբ՝ թե ինչո՞ւ են ստուգումներ իրականացվել և ի՞նչ է հայտնաբերվել, արդյոք կա՞ն չարաշահումներ և ո՞ր ոլորտներում: Հարցմանն ի պատասխան Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել մարզի թվով 9՝ Դալարիկ, Վաղարշապատ(Էջմիածին),Արևաշատ, Եղեգնուտ, Գեղակերտ, Մուսալեռ, Արշալույս, Ջրառատ և Նոր Արմավիր համայնքներում:
«Հսկողության արդյունքում աշխատանքային խմբերի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության պատվիրակված լիազորությունների, քաղաքաշինության, ինչպես նաև հողօգտագործման բնագավառներում կազմված հարցաշարերի հավելվածներով և դրանց առնչվող հարակից հարցերի ուսումնասիրության տեղեկատվությամբ:
Հսկողության արդյունքները սահմանված ժամկետներում և կարգով, Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզպետի համապատասխան գրություններով ներկայացվել են իրավասու մարմիններին: ԱրդյունքումՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից հարուցվել է 2 քրեական գործ՝ Եղեգնուտ և Արշալույս համայնքների մասով:
Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Եղեգնուտ համայնքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութությունը: Ինչ վերաբերում է Արշալույս համայնքին, Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այն միացվել է նախապես ՝ հուլիսի 12-ին հարուցված քրեական գործի: Քննչական կոմիտեից գրավոր հայտնել են.«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 12.07.2018թ. Զարզանդ Մերուժանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախնական քննությամբ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել վերջինիս կողմից առերևույթ կատարված հանցագործության այլ դեպքերի վերաբերյալ ևս, որոնց առթիվ տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում: Պարզվել է նաև, որ տարբեր արարքները կատարելու ընթացքում Զ.Գրիգորյանը ծառայել ՀՀ ՊՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ուստիև՝ 18.09.2018թ. քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և նույն օրը ընդուվել վարույթ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»:










