Իսրայելը ցուցադրել է «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ հրթիռային օբյեկտների արբանյակային լուսանկարները
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ հրթիռային օբյեկտների արբանյակային լուսանկարները, որոնց ավիահարվածներ են հասցվել Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման պահին, գրում է The Times of Israel-ը: Լուսանկարներում օբյեկտները տեղակայված են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ օդանավակայանից քիչ հեռու:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ իսրայելական կործանիչների թիրախը եղել է սարքը, որն օգտագործվում է «Հեզբոլլահ»-ի կողմից բարձր ճշգրտության հրթիռների արտադրության համար: Նշենք, որ Բեյրութը գտնվում է սիրիական Լաթաքիա նահանգից ոչ հեռու, որտեղ էլ խոցվել է ռուսական Իլ-20-ը:
Եթադրվում է, որ հրթիռների կատարելագործման համար նախատեսված գործարանները չեն աշխատում և գտնվում են կառուցման փուլում: Զինվորականները պնդում են, որ նախագծերը ֆինանսավորվում են Իրանի կողմից:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ցույց էր տվել այս լուսանկարները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ: Նա մեղադրել էր «Հեզբոլլահ»-ին «Բեյրութի անմեղ բնակչությանը որպես կենդանի վահան գիտակցված օգտագործման համար»:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետի ելույթից անմիջապես առաջ Իրանի պատվիրակությունն ամբողջ կազմով ցուցադրաբար լքել է դահլիճը:
Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է սեպտեմբերի 17-ին՝ «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3D ձևաչափով տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում:










