Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու. կոմպետենտ և ոչ կոռուպցիոներ պաշտոնյաները շարունակելու են աշխատանքը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից. Վ. Կոստանյան

18:58 • 28.09.18

Քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու, կոմպետենտ և կոռուպցիոն մեխանիզմների մաս չկազմող անձինք շարունակելու են պաշտոնավարել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Այն վարչության պետերը, բաժինների ղեկավարներ, ովքեր կոմպետենտ են, իրենց տեղում են, կոռուպցիոն մեխանիզմների մաս չեն կազմել, իրենք շարունակելու են աշխատել»,- ասաց նա:

Հարցին, թե բոլոր 4 փոխքաղաքապետերը փոխվելո՞ւ են, Վ. Կոստանյանը պատասխանեց. «Դեռ հստակեցում չունենք»:

Հստակ չէ նաև, թե «Իմ քայլը» դաշինքից ովքեր են լինելու փոխքաղաքապետեր, վարչության պետեր: Այս հարցով քննարկումները, ըստ Վ. Կոստանյանի՝ տեղի կունենան հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հարցին՝ ինչ սկզբունքով է որոշվելու՝ ովքեր են կոռուպցիոներներ՝ հայտնի դեպքերի վրա  հիմնվելո՞վ, թե պաշտոնյաների նախկին աշխատելաոճը ուսումնասիրելով, ՔՊ խոսնակը պատասխանեց. «Բոլորը միասին: Երևանը փոքր քաղաք է, շատերը գիտեն, թե մարդիկ ինչով են անցյալում զբաղված եղել: Բացի այդ, տարբեր ինֆորմացիաներ ունենք տարբեր վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի աշխատակազմի մասին: Այդ ամեն ինչի վրա հիմնվելով կադրային քաղաքականություն ենք իրականացնելու»:

Եթե պաշտոնյան կոռուպցիոներ չէ, բայց ՀՀԿ-ի անդամ է, շարունակելո՞ւ է պաշտոնավարել հարցին ի պատասխան Վահան Կոստանյանն ասաց. «Անկախ կուսակցական պատկանելիությունից, կոմպետենտ և մաքուր մարդիկ աշխատելու են»:

Նշենք, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո պաշտոնից հեռացման դիմում են գրել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: