Սասուն Միքայելյանի որդին ինքնառաջադրվել է Հրազդանի ընտրություններում, ՔՊ-ը նրան սատարելու հարցը կքննարկի վարչության նիստում

13:59 • 28.09.18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքնառաջադրվել է  Հրազդանի քաղաքապետի արտահերթ  ընտրություններում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Հրազդան և Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովից:

«Այլ թեկնածուներ դեռևս առաջադրված չկան, թեկնածուների առաջադրումը նախատեսված է սեպտեմբերի 26-30-ը»,- տեղեկացրին հանձնաժողովից:

Արտահերթ ընտրությունները Հրազդանում կայանալու են հոկտեմբերի 21-ին:

Tert.am-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, անդրադառնալով հարցին, թե ՔՊ–ը սատարելու է ինքառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանին, քանի որ նա ՔՊ վարչության նախագահի որդին է, ավելին՝ Սևակ Միքայելյանը հանդիսանում է ՔՊ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար, Վահան Կոստանյանն ասաց.

«Այդ հարցը դեռ չի քննարկվել, քննարկվելու է վարչության հաջորդ նիստի ընթացքում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Հրազդանում ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ից, տևելու է մինչև հոկտեմբերի 19-ը:

Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական է տվել  հուլիսի 2-ին, կա նաև հարուցված քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման հետ կապված  իրավախախտումների մասով: