Պետք է ստեղծագործ լուծումներ գտնել աղետը քողարկելու համար. Ն. Թուխիկյանը՝ Երևանի դեմքը վերականգնելու մասին

21:15 • 28.09.18

Երևանի ավագանու մեծամասնությունը «Իմ քայլը» դաշինքն է, բայց մեծամասնությունը չի լինելու ձեռք բարձրացնող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլի» դաշինքի ավագանու անդամ, Հովհաննես Թումայանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

«Թեպետ ավագանու մեծամասնությունը «Իմ քայլը» դաշինքն է, բայց վստահ եմ, որ հենց մեծամասնության մեջ բանավեճը կընթանա: Մեծամասնությունը չի լինելու ձեռք բարձրացնող: Այն մարդիկ, ովքեր ավագանիում հավաքված են, ձեռք բարձրացնող չեն: Կլինի բանավեճ, չի լինի միահեծան որոշում կայացնող և չի լինի մեկ պատկերացում այս կամ այն հարցի վերաբերյալ»,- նշեց Նարինե Թուխիկյանը:

Ըստ նրա՝ հասարակության մոտ ամենամեծ սպասումը, պահանջը նոր ավագանուց և քաղաքապետից արդար կառավարումն է: Ավագանու անդամը վստահեցնում է, որ այդ առումով վերահսկողությունy շատ խիստ է լինելու:

«Մենք ունենք մշակութային պատկերացումներ, որ քննարկել ենք մինչև ընտրարշավը և ինչ-որ եզրահանգումների ենք եկել, դրանք պետք է քայլ առ քայլ գործի դնենք: Ես միշտ հեղափոխության ընթացքում և հեղափոխությունից հետո ասել եմ, որ շատ կարևոր մի փուլ հաղթահարել ենք՝ տեղի է ունեցել հեղափոխություն, և դրանից հետո յուրաքանչյուրն իր ուժերի չափով պետք է աշխատի, որպեսզի հարատև լինի հաղթանակը:

Կամակորություն անելու, ծուլանալու մասին պետք է մոռանանք, և ես անձամբ ասել եմ, որ պատրաստ եմ օգնել իմ կարողությունների չափով անհատույց, եթե իմ կարիքը կզգան: Հիմա ինձ առաջարկվեց և ես ոչ մի պատճառ չունեի մերժելու, հիմա իսկապես աշխատելու, օգնելու, իրար սատարելու շրջան է»,- ասաց նա:

Նարինե Թուխիկյանը հայտնեց, որ համատեղելու է ավագանու և տուն-թանգարանի տնօրենի աշխատանքը. «Կյանքը ծանրաբեռնված կլինի, մանավանդ, որ եկող տարի Հ. Թումանյանի 150-ամյակն է: Մենք ահռելի գործեր ունենք թանգարանում, բայց ես պատրաստ եմ դրան»:

Երևանում բազմաթիվ են կուտակված խնդիրները՝ աղբահանության, տրանսպորտի, վերելակների հետ կապված, սակայն, Ն. Թուխիկյանի կարծիքով՝ այս խնդիրներին զուգահեռ պետք է աշխատել մշակութային գործերի ուղղությամբ:

«Նախ սոցիալականը երբեք չի ավարտվի: Քանի դեռ մեր երկիրը սոցիալական բարձր կենսամակարդակ չունի, այդ սոցիալական անընդհատ կլինի և այնքան ահռելի են ծրագրերը, որ եթե միայն դրանով զբաղվես, այլ գործերի համար ժամանակ չի մնա: Դրա համար պետք է զուգահեռ աշխատել: Ընդ որում, երբեք չի կարելի թերագնահատել մշակույթը, այն միշտ թերագնահատվել է բյուջեի ընդունման ժամանակ, մղվել է լուսանցք:

Բայց դա այդքան էլ ճիշտ չէ, եթե փիլիսոփայորեն նայենք հարցին, մշակույթից է սկսվում ամեն բան: Մշակույթն, իսկապես, առանցքային պետք է լինի բոլոր հարցերում, սոցիալական հարցերի մեջ մշակութայինը բավական մեծ տեղ ունի: Մարդկանց վերափոխելու, հոգեվիճակային դրական ազդեցությունների համար մշակույթը շատ գործ ունի անելու»,- նշեց նա:

Քաղաքային նախկին իշխանությունների կառավարման տարիներին բազմիցս բարձրացվել է Երևանի արտաքին տեսքի աղճատման հարցը, այն, որ Երևանը կորցրել է իր դեմքը: Այս մասով Նարինե Թուխիկյանը լուծումներ տեսնում է, սակայն, ըստ նրա՝ դրանք լինելու են շատ դժվար և ոչ լիարժեք:

«Ավերածությունը սարսափելի չափերի է հասնում: Երևանի հետ իսկապես վանդալների պես վարվեցին նախորդ իշխանությունները: Դա և՛ տգիտության հետևանք էր, և՛ նախանձի. մեր մեծ ճարտարապետներին նախանձելով՝ մերօրյա ճարտարապետներն ուղղակի ավերեցին այս քաղաքը: Շատ-շատ դժվար կլինի, ամեն քայլափոխի մենք հանդիպելու ենք մասնավոր շահի և հանրային շահի բախման: Մի բան շտկելու համար մենք պետք է ինչ-որ մասնավորի հետ բանակցության մեջ մտնենք, որը բիզնես ունի, ներդրումներ է արել:

Վատ, թե լավ, դա կապ չունի, այդ մարդը արել է և ինքը այդքան էլ մեղավոր չէ, որովհետև նախկին համակարգն իրեն թույլ է տվել դա անել: Դրանք մասնագիտական լուծումներ պետք է լինեն, հիմա չես կարող քանդել այն կառուցված բնակելի շենքերը: Լուծումներ կան անշուշտ, բայց իհարկե, դրանք Երևանին իր տաք, հարազատ քաղաքի տեսքը չեն վերադարձնի, բայց երևի զարտուղի ճանապարհներով հնարավոր կլինի հետաքրքիր, ստեղծագործ լուծումներ գտնել այդ աղետը քողարկելու համար»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը: