Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից ստացած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (տեսանյութ)

10:08 • 28.09.18

Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը, ինչի մասին զեկուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ՊՆ-ից մանրամասնել են, որ 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը մատակարարվել են Ադրբեջանի ու Բելառուսի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանին «Պոլոնեզ»-ներ մատակարարելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս ապրիլին: Բելառուսի ռազմական գերատեսչության աղբյուրը Коммерсантъ-ին տված հարցազրույցում պատմել էր, որ պայմանագիրը ենթադրում է Բաքվին հրթիռներ, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ, ռադիոտեղորոշիչ կայաններ ու կառավարման կետ ներառող 10 համալիրի փոխանցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ադրբեջանը ստացել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կատարելագործված տարբերակը: Տեխնիկան զորամասերից մեկում ընդունել էր անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Համակարգի կատարելագործված տարբերակի փորձարկումներն անցկացվել են նախորդ տարվա աշնանը:

Անկախության տարիներին Բելառուսն Ադրբեջանին ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել: Արդյունքում՝ Ադրբեջանը վերջին տասնամյակներին դարձել է բելառուսական ռազմատեխնիկայի հիմնական սպառողը: Հրապարակված հասանելի տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՌ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: