Գյանջայում ահաբեկչության առնչությամբ 77 մարդ քրեական պատասխանատվության է կանչվել, 11-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

13:37 • 28.09.18

Հաստատվել է ադրբեջանական Գյանջա քաղաքի (Գանձակ) գործադիր իշխանության նախկին ղեկավարի դեմ իրականացված ահաբեկչությանը ներգրավված, ինչպես նաև ահաբեկչությանն աջակցություն տրամադրած անձանց ամբողջ շղթան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է «Թրենդ» գործակալությունը:

Նրա խոսքով՝ մինչ օրս քրեական պատասխանատվության է կանչվել 77 մարդ:

Դատարանի որոշմամբ՝ նրանք կալանավորվել են, 11 մարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզման մեջ գտնվող անձանցից երկուսը ձերբակալվել են և փոխանցվել երկրին:

Նշվում է, որ պարզվել է մյուս հանցագործներից մի քանիսի գտնվելու վայրը, և իրականացվում են նրանց արտահանձնման ուղղությամբ քայլեր:

«Պարզվել են այդ ահաբեկչության կազմակերպիչները և դրդողները: Պատասխանատվությունից ոչ մեկ չի խուսափի: Կարծում ենք, որ մինչև այս տարեվերջ քրեական գործը կավարտվի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ դեպքերն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: