ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը

12:12 • 28.09.18

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից:


Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվեց Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում:


Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը:


Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:


Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: