Սկրիպալների թունավորման գործում ի հայտ է եկել 3-րդ կասկածյալը. բրիտանական լրատվամիջոցներ

13:11 • 28.09.18

Բրիտանական հատուկ ծառայություններն ու ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը պարզել են Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման սկանդալային գործով երրորդ կասկածյալի ինքնությունը:

Այդ մասին հայտնել է Daily Telegraph-ը՝ մանրամասնելով, որ ռուսական ռազմական հետախուզության 3-րդ աշխատակիցը կարող էր հետախուզական առաքելություն կատարած լինել Սոլսբերիում, որպեսզի օգներ նախապատրաստել Սկրիպալների դեմ հարձակումը: Միևնույն ժամանակ, երրորդ կասկածյալի անունը չի նշվել:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:

Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:

Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: