«Սպանդը պետական գաղտնիք չէ». Ամալ Քլունին կոչ է արել Մյանմայի ղեկավարին ազատ արձակել էթնիկ զտումների մասին գրած լրագրողներին (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին դիմել է Մյանմայի ղեկավար Աուն Սան Սու Չժիին՝ կոչ անելով ներում շնորհել ազատազրկված երկու լրագրողներին, որոնք երկրի տարածքում ռոհինջա մուսուլմանների նկատմամբ կատարված սպանդի մասին գրելու համար մեղադրվել են պետական գաղտնիքի հրապարակման համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը հեղինակավոր Reuters գործակալության երկու լրագրողի մասին է, որոնք ամսվա սկզբին դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման:
Հայտնի է, որ միջազգային հանրությունը սուր արձագանք է տվել լրագրողների դատավճռին՝ հայտարարելով, որ Մյանմայի կառավարությունը փորձում է լռեցնել մամուլին` իր կողմից իրականացված էթնիկ զտումների մասին չխոսելու համար:
«Ցանկության դեպքում կառավարությունը կարող է այդ ամենին վերջ տալ: Աուն Սան Սու Չժին գիտի, որ զանգվածային սպանությունը պետական գաղտնիք չէ ու որ այդ մասին գրելը լրագրողին լրտես չի դարձնում: Այսօր նրա ձեռքում է լրագրողների ազատության բանալին՝ մամուլի ազատության բանալին»,-ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ամալ Քլունին:














