Դավթաշենի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով

13:55 • 29.09.18

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով: Դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։ 

Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով տուժողի մերձավոր ազգականներից է։

Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։ 

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։