ԿԸՀ-ն փաստեց՝ ԸՕ-ում հստակ ամրագրված չէ «քարոզչություն» եզրույթը. Դանիել Իոաննիսյան

16:57 • 29.09.18

Ըստ էության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց այն խնդիրը, որ Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված չէ «քարոզչություն» եզրույթը, միգուցե սա դաս լինի, որ ԸՕ փոփոխությունների ժամանակ այս կետում էլ հստակեցում մտցվի։ Այսօր ԿԸՀ նիստի ավարտից հետո նման տեսակետ հայտնեց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի դիմումի մերժմանը։ 

Միևնույն ժամանակ նա նշեց, թե իրեն զարմացրել է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն որոշեց դիմում ներկայացնել ԿԸՀ-ին, այլ ոչ թե ուղիղ գնալ դատարան։

«Շաբաթներ առաջ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքնում ընտրական զանցանքների համար կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները կարող են ուղիղ գնալ դատարան՝ դատարանից պահանջելով վարչական իրավախախտման պատասխանատվության կանչել անձին։ Սա շատ ավելի էֆեկտիվ պաշտպանական մեխանիզմ է, հատկապես, երբ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ դատարան են գնալու»,- ասաց նա։ 

Անկախ ամենից Դանիել Իոննիսյանը հայտարարեց, որ ինքը հակաքարոզչության նպատակ չի ունեցել։ Նա շեշտեց, որ ԲՀԿ-ի բողոքի հիմքում ընկած ասուլիսի ժամանակ նաև այլ կուսակցությունների անուններ են հնչել, այն ֆիքսված չի եղել ԲՀԿ-ի կողմից կատարված խախտումների վրա։

«Այս առումով էլ զարմանալի է, որ հենց ԲՀԿ-ն այդքան ծանր տարավ, սկզբում իրենց ներկայացուցիչներն, ըստ էության, ասուլիսը տապալեցին, հետո ԿԸՀ-ի դիմում գրեցին և այլն»,- ընդգծեց Իոննիսյանը։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու այդ խախտումների մասին չբարձրաձայնվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո, Դանիել Իոննիսյանը պատասխանեց. «Ձայնագրությունը գիշերն արդեն հրապարակվել է, կարող եք ծանոթանալ ու ինքներդ դատել, թե որքանով էր այդ ձայնագրությունն իրականությանը համապատասխանում, բայց, միևնույն է, մենք ձայնագրությունը հետո հրապարակեցինք։ Երբ բացահայտեցինք, այդ ժամանակ էլ հրապարակեցին, սա է դիտորդական աշխատանքի մոտիվը՝ մենք տեսնում ենք խնդիրը, մենք դա բարձրաձայնում ենք։ ԸՕ 32-րդ հոդվածը մեզ հնարավորություն է տալիս, այդ թվում ԶԼՄ-ի միջոցով, հայտարարել մեր բացահայտումների մասի»։ 

Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ձայնագրությունը Ոստիկանությանը տրամադրելու ընթացքին, տեղեկացրեց, որ իրավաբանները կարծում են, որ հանցակազմ չկա, այսինքն՝ քրեական գործ չի հարուցվի, սակայն նշեց, որ այլ իրավախախտումներ առկա են։

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի, որով դիմումատուն պնդում էր, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդող օրը «Անկախ դիտորդի» կողմից իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները ներկայացնելն ու ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունը հակաքարոզչություն է և Ընտրական օրենսգրքի խախտում։ 

Դիմումը վերաբերում է սեպտեմբերի 22-ին Երևան ավագանու  արտահերթ ընտրությունների նախորդող օրը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցչների ասուլիս կազմակերպելուն, որտեղ ներկայացրել են մեդիամոնիտորինգի տվյալներ։ Սույն ասուլիսի ժամանակ նրանք հնչեցրել էին գնահատականներ այն մասին, թե բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, թեև դրանք չի ապացուցվել, բացի այդ նշվել է, որ ԲՀԿ–ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին գումար է բաժանվել, իսկ հետո ԲՀԿ-ն իմանալով այդ բացահայտումների մասին՝ սպառնացել էր դատական հետապնդումներ իրականացնել այդ մարդկանց նկատմամբ, ովքեր իբր գումար են վերցրել և բացահայտել այդ մասին։

 

 

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան