ԱՄՆ կոնգրեսականները հարցաքննել են Google-ի գլխավոր տնօրենին

06:40 • 29.09.18

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու տասնյակ հանրապետականներ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, հանդիպում են ունեցել Google ընկերության տնօրեն Սունդար Պիչայի հետ, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Fox News-ին:

Հաղորդվում է, որ հանդիպումն անցկացվել է հանրապետականների առաջնորդ Քևին ՄքՔարթիի աշխատասենյակում և հիմնական թեմաներն են եղել Google-ին ներկայացված մեղադրանքները, որոնց համաձայն՝ այն ընտրողաբար է ներկայացնում նախագահ Դոնալդ Թրամփի մասին նորությունները, ինչպես նաև ընկերության՝ Չինաստանում նոր, գրաքննության գործառույթով համալրված Dragonfly որոնողական համակարգի գործարկման մտադրությունները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպումը «դրական բնույթ է կրել», իսկ «խոսակցության տոնը եղել է կոշտ, սակայն անկեղծ ու հարգանքով»: Ընդ որում՝ կոնգրեսականները չեն խուսափել անգամ անհարմար թվացող հարցերից:

Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրենը ոչ բոլոր հարցերին է պատասխանել, սակայն միևնույն ժամանակ նմանատիպ զրույցները շարունակելու պատրաստակամություն է հայտնել: