«Սասնա Ծռեր» կուսակցությունը կունենա ոչ թե ղեկավար, այլ՝ քարտուղարություն, որը կհամակարգի Վարուժան Ավետիսյանը
Այսօր հրավիրված համագումարի ժամանակ պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա Ծռեր» կուսակցությունը։ Հիմնադիր անդամները միաձայն կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը:
Համագումարը որոշում կայացրեց, որ կուսակցությունը չի ունենա կոնկրետ մեկ ղեկավար, փոխարենը այն կկառավարի 7 անդամից բաղկացած քարտուղարությունը:
Քարտուղարության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Ալեք Ենիգոմշյանին, Գևորգ Սաֆարյանը, Վահագն Ավագյանը, Արեգ Կյուրեղյանը և Ռուզան Եղնուկյանը: Քարտուղարության համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարին այսօր ելույթի խոսքով հանդես էին եկել նաև հրավիրված հյուրերը: Հայաստանի Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել էր, որ ներկայիս խորհրդարանը մայիսի 2-ից հետո լեգիտիմ չէ և դրա համար պետք է գնալ արտահերթ ընտրություններին և ձևավորել այնպիսի խորհրդարան, որ տարծաշրջանում դերակատար կլինի։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասել էր,որ օր առաջ պետք է իրականացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Միայն այդ դեպքում կլինի հեղափոխության վերջնական հաղթանակը»,-ասել էր նա:










