Հուսիթները հայտարարել են, որ օդային հարված են հասցրել Դուբայի միջազգային օդանավակայանին. օդանավակայանը հերքել է

13:51 • 30.09.18

Եմենում ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթները) հայտարարել են, որ հարված են հասցրել Դուբայի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով: Այդ մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքը:

Ապստամբների համաձայն՝ օդանավակայանի վրա հարձակումն իրականացրել է «Սամադ-3» տեսակի անօդաչու սարքը: Արդյունքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է, նշում է հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել են հուսիթները, դա եղել է պատասխան Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ագրեսիային:

Դուբայի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

«Ինչ վերաբերում է այս առավոտյան կասկածելի աղբյուրների հաղորդագրություններին, կարող ենք հաստատել, որ Դուբայի միջազգային օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով առանց ընդհատումների»,- ասել է օդանավակայանի խոսնակը:

Նշվում է, որ սա առաջին անգամ չէ, երբ «Անսար Ալլահ»-ը հայտարարում է ԱՄԷ-ի օդանավակայանների վրա հարձակման մասին:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսիթների միջև դիմակայությունը։ Այն ակտիվ փուլի է անցել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո։