Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում երիտասարդի դի է նկատվել, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ. shamshyan.com

10:32 • 01.10.18

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է: