Չենք հասցնի ԸՕ-ն այնպես փոխել, որ նոյեմբերին ընտրություններ լինեն, բայց դեկտեմբերի համար կհասցնենք. Դանիել Իոաննիսյան

20:22 • 01.10.18

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում իրատեսական համարեց  Ընտրական օրենսգիրքը փոխել այնպիսի ժամկետներում, որ դրանով անգամ այս տարվա վերջում ընտրություններ անցկացվեն:

«Չենք հասցնի այնպես փոխել, որ նոյեմբերին ընտրություններ լինեն, բայց դեկտեմբերի համար կհասցնենք»,- ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ արդեն հաստատվել է հայեցակարգը, և ավելի ինտենսիվ կաշխատեն նախագծի վրա:

«Ես հույս ունեմ, որ նախագիծը կարող ենք հանրության դատին ներկայացնել միգուցե այս շաբաթվա վերջին, իհարկե դրանում հանրային քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ կկատարենք: Մենք հայեցակարգի առումով բոլոր կարևոր որոշումները կատարել էինք, ուղղակի սպասում էինք Երևանի ավագանու ընտրություններն էլ վերջանան, տեսնենք՝ ինչ նոր մեծ ռիսկեր են բացվում, որ արժե ներառել: Նոր մեծ ռիսկեր չտեսանք, մանր խնդիրներ տեսանք»,- ասաց նա և նշեց, որ հայեցակարգի բոլոր կարևոր որոշումները հունիս-հուլիսին դեռևս կայացվել են:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ մինչև Ազգային ժողով հասնելը փաստաթղթի վրայով անցնելու են թե՛ գործադիր իշխանության, թե՛ քաղաքացիական հասարակության ամենակոմպետենտ կադրերը: Նա նշեց, որ կողքից պետք է դատեն, թե որքանով որակյալ փաստաթուղթ կլինի Ընտրական օրենսգիրքը, թեև ավելացրեց, որ այս փաստաթղթով այնպիսի ընտրություններ կապահովվեն, ինչպիսին դեռևս չեն եղել: «Այսինքն՝ մենք այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք այնպիսի ընտրություններ, որ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև եվրոպական որոշ երկրներ կնախանձեն, եթե իհարկե օրենսգրքի իմպլեմենտացիան էլ պատշաճ իրականացվի»,- ասաց նա: