Նորք Մարաշի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ. միջնորդությունը մերժվեց

13:06 • 01.10.18

Նորք Մարաշի զինված խմբի գործով խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նախորդ դատական նիստին դատարանին միջնորդություն ներկայացրեց 1 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Արթուր Վարդանյանին։


Պաշտպանը նաև հայտնել էր,որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը երաշխավորագիր Արթուր Վարդանյանին անձնական երաշխավորությամբ գրավով ազատ արձակելու վերաբերյալ, սակայն նրանք չներկայացան դատարան և միջնորդությունը չքննվեց։ Գրավի վերաբերյալ միջնորդությունը քննելուց հետո, այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ գործով մյուս ամբաստանյալներն ազատ են արձակվել կալանքից։

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ 3-րդ մասի և 35-300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի, 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: