Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումից մեկ տարի անց ցույցեր և ակցիաներ են տեղի ունեցել

19:20 • 01.10.18

Իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվեի մեկամյա հոբելյանի առթիվ հարյուրավոր բնակիչներ ցույցեր են իրականացրել՝ փակելով փողոցները և երկաթուղային գծերը:

Ինչպես հայտնում է DW.com-ը, այսօր Բարսելոնայում ուսանողները երթով անցել են քաղաքի կենտրոնով:

Անկախության կողմնակիցների առաջնորդները հանդես էին գալիս ելույթներով, իսկ այդ ընթացքում ակցիայի որոշ մասնակիցներ վերստեղծում էին հանրաքվեի ժամանակ քվեարկության տեսարանը:

Մեկ տարի առաջ այս օրը բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և քվեարկողների միջև, որոնք մասնակցում էին Մադրիդի կողմից հավանության չարժանացած հանրաքվեին:

Ժիրոնայում ակցիայի մասնակիցները նստացույց են իրականացրել կայարանում և երկաթգծերի վրա: Մյուսներն էլ անվադողերի օգնությամբ փակել էին ճանապարհները:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ անցկացված հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ էր քվեարկել Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը, սակայն Մադրիդը չի ճանաչել քվեարկության արդյունքները: