Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգնի Ինդոնեզիային ամոքել վերքերը. Էրդողան

01:20 • 01.10.18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ինդոնեզիայի իշխանություններին ազատվել ավելի քան 800 մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքներից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Էրդողանի պաշտոնական թվիթերյան էջին:

«Ես աղոթում եմ Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհված մեր քույրերի ու եղբայրների համար, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և խորին ցավակցություններս եմ հայտնում Ինդոնեզիայի ժողովրդին: Թուրքիան պատրաստ է անել ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի օգնի Ինդոնեզիային ամոքել վերքերը», - գրել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան ինդոնեզական Սուլավեսի կղզու ափերին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պալու քաղաքի մոտակայքում: Ավելի ուշ նույն տարածաշրջանում ևս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որին հաջորդել են հետցնցումները: Երկրաշարժով պայմանավորված հզոր ցունամի է հարվածել Պալու քաղաքին, որտեղ 832 մարդ է մահացել: